ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Գունեղ լավատեսությամբ

Գունեղ  լավատեսությամբ
15.03.2016 | 11:30

Այսօր Հայաստանի նկարիչների միությունում «Նկարչուհիները կանանց տոնին» ցուցահանդեսի վերջին օրն է։ Ավանդաբար ՀՀԿ կանանց խորհուրդն է հովանավորում գարնանային ցուցահանդեսները։ Ի դեպ, նկարիչների միության ցուցասրահների մուտքն անվճար է և՛ կերպարվեստագետների, և՛ արվեստասեր հասարակության համար։
Ցուցահանդեսը բացվեց մարտի 4-ին և, ավանդույթի համաձայն, դուրս մնաց հեռուստաընկերությունների ուշադրությունից։ Սակայն սա այլ խոսակցության նյութ է։
«Նկարչուհիները կանանց տոնին» հանրապետական ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 100 գեղանկար, գրաֆիկական աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ։ Բացման օրը ցուցասրահում տրամադրությունը ոչ միայն տոնական էր, այլև գործնական. գրեթե յուրաքանչյուր աշխատանքի մոտ երկու-երեք հոգանոց խմբերը քննարկում էին նրա արժանիքներն ու առանձնացնում էին ինչ-ինչ բացթողումներ, միաժամանակ ծանոթանում էին հեղինակների հետ։ Մարտի 4-ին նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում, ինչպես ընդունված է նման դեպքերում ասել, «ասեղ գցելու տեղ չկար»։ Այնուամենայնիվ, ինձ հաջողվեց որսալ հարմար պահն ու նկարչուհիներին «խոստովանանքի» բերել իրենց աշխատանքների մոտ։


ՆԻՆԱ ԱՂԱՎԵԼՅԱՆ (գեղանկարիչ)


-Նկարի անունը դժվարությա՞մբ ես ընտրում։
-Պատկերացրու` այո։ Ավելի հեշտ է նկարելը, քան անվան ընտրությունը։ Նկարի անունը հաճախ ծնվում է գործն ավարտելուց հետո, այսինքն` այն կրում ես քո մեջ։ Դա գուցե և իմաստասիրությամբ լեցուն մի բան է, որի շուրջ կարողանում ես հեքիաթդ հյուսել։ Նկարի անվան ընտրության բարդությունը սրանով է պայմանավորված։
-Ի՞նչ ես կամեցել արտահայտել քո կտավում։
-Այն, որ դարեր շարունակ արվեստն է հային պահպանել։ Եվ ուրախ եմ, որ հայուհիներն այսօր էլ ստեղծագործում են և իրենց ասելիքն ունեն աշխարհին։ Այս ցուցահանդեսը ևս մի վկայությունն է հայտնի ճշմարտության` արվեստը կփրկի աշխարհը։ Մենք էլ արվեստին ենք նեցուկ կանգնում ահա նման ցուցահանդեսներով։ Ցանկալի կլինի, որ իշխանությունները ևս տոգորվեն արվեստի աշխարհափրկչական գաղափարով, ի վերջո նրանց ձեռքում է երկրի կառավարման ղեկը։
Նկարը կոչվում է «Երկրպագություն»:

ԱՆՈՒՇ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (դեկորատիվ-կիրառական արվեստի նկարիչ)


-Ստեղծագործությունդ անվանակոչված է քիչ անսովոր` «ՈՒնայնություն»։ Ինչո՞ւ։
-Այս օրը պայծառ-գարնանային է, և հայ կանանց գարնան օրերը եղել են և կլինեն պայծառ։
Կտավում իմ այն տրամադրություններն են, որոնք ի մի են եկել արվեստանոցում, ուր միջավայրը պարտադրում է լռություն, անդորր, մեկուսացում աշխարհից։ Եվ այն թաքնված ապրումներն ու երազանքները, որոնք կան հոգուդ մեջ, կարողանում ես արտահայտել միայն արվեստի միջոցով և միայն արվեստանոցում։
-Անուշ, դու ներփակ չես, դասավանդում ես համալսարանում, շփվում ես ուսանողներիդ հետ։ Սա ինչ-որ երկխոսության, ավելի բաց լինելու չի՞ տրամադրում։
-Յուրաքանչյուր մարդու ներաշխարհն իրենն է, ենթակա միայն իր տրամադրությանը, իր ապրումներին։ Արվեստագետ կանայք, ինչպես տեսնում ես, այսօր լիարժեք բացել են իրենց հոգու սահմանները հասարակության առաջ. մեկը` յուղաներկի, մյուսը` քանդակի, ես էլ` թելերի միջոցով։
-Այս թելերը հաճելի զրուցընկեր են քեզ համար։
-Շա՜տ։ Տես, միայն 30 երանգի կանաչ գույն եմ օգտագործել, 20 երանգի դեղիններ։ Սա զգացողության խնդիր է։ Կարծում եմ, որ «ՈՒնայնությունը» զգացողություններս թելերի և գույների միջոցով փոխանցում է արվեստասերներին։


Գյումրեցի նկարիչ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ աշխատանքն էլ ինձ գրավեց։
-Տիկին Սուսաննա, «Աքաղաղ» է գործիդ անունը։ Ո՞Ւր է սլանում աքաղաղը։
-Առաջ է գնում ագրեսիվ և համարձակ։ Այս աքաղաղը մեծ ձգտումներ ունի։
-Գուցե դեպի խորհրդարանական հանրապետություն է ընթանում նա։
-Իսկ ինչու չէ։ Կարևոր է, որ դեպի լավն է գնում, գնում է առաջ։
-Տեխնիկան է անհասկանալի։ Ի՞նչ ես հորինել։
-Նոր բան է, ինձ համար էլ անսպասելի։ Իմ գիրն այստեղ ուրիշ գրեն է։
-Հասկանալի է, գյումրեցի ես, նկարիչ, էդ էր պակաս, որ գիրդ ուրիշ գրեն չլինի։ Այնուամենայնիվ, ի՞նչ տեխնիկա է։
-Թուղթ է և ակրիլ ներկ։ Սա շարքի առաջին գործն է։ Գիտես, հավանաբար, որ առանձին ստեղծագործություններ գրեթե չունեմ, նկարաշարով եմ աշխատում։ Սա էլ նոր նկարաշարիս երախայրիքն է։


-Աքաղաղին ո՞վ է հաջորդելու։
-Շունը։ Կատաղած շունը։ Հետո նոր կենդանիներ կլրացնեն շարքը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ